Wednesday, July 27, 2011

Տաքսի տաքսի




Երեւանն ունի 125 միկրոավտոբուսային, 46 ավտոբուսային եւ 24 տրոլեյբուսային երթուղի։ Միկրոավտոբուսային ուղեւորափոխադրումն իրականացվում է 70 կազմակերպության կողմից։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալներով՝ երթուղային տաքսիները (2300-2350 մեքենա) կազմում են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 85 տոկոսը, ավտոբուսները՝ ընդամենը 5, տրոլեյբուսները՝ 2, իսկ մետրոն՝ 8 տոկոս:

Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ:

Վերջին վեց ամսվա ընթացքում մոտ 35 ավտոբուս է ներկրվել Հայաստան, որոնք այժմ շահագործվում են։ Մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 80 ավտոբուսի ներկրում:

Արդեն այս տարի Երևանը կհամալրվի նորակառույց երեք անցումներով։ Դրանց շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հասարակական տրանսպորտի 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ:

«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում Երևանի 60 բանուկ խաչմերուկներում ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:

Սակայն կատարվող աշխատանքները բավարար չեն: Մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով ակտիվ պայքար է սկսվել Facebook սոցիալական ցանցում: «Արժանապատիվ տրանսպորտ», «Մենք չենք կռանում երթուղայինում», «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» խմբերը կազմակերպում են տարբեր բողոքի ակցիաներ և քննարկումներ:

Ո՛չ 100 դրամանոց մետրոյին



Facebook-ում ձեւավորված Դեմ ենք մետրոյի թանկացմանը խմբի շուրջ 4000 անդամները շարունակում են պայքարել հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձի կրկնակի թանկացման դեմ: Հերթական բողոքի ակցիան մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնին հարող Անգլիական այգու տարածքից: Երթի երկու տասնյակից ավելի մասնակիցները նախ ոստիկանների ուղեկցությամբ քայլեցին դեպի Երեւանի քաղաքապետարան, ապա Կառավարության շենք՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնելով գրավոր նամակներ: 

Tuesday, July 26, 2011

Բրազիլիական Capoeira-ն յուրացրել են նաեւ երեւանցիները

Կասկադում հուլիսի 22-ի երեկոյան բրազիլիական մարտարվեստի բացօդյա ցուցադրություն էին կազմակերպել Մոսկվայի Capoeira-ի “Axe” դպրոցից ժամանած հյուրերը:


Հայաստանում այս մարտարվեստի հանդեպ հետաքրքրոությունը ծագել է 1990-ականներին, սակայն մինչեւ այսօր ձեւավորված չէ ֆեդերացիա եւ հավաքական: Մինչեւ տարեվերջ Capoeira-ով զբաղվող հայաստանցի 10 երիտասարդները մտադիր են ավելացնել իրենց շարքերը եւ մասնակցել մրցումների:


Աշխարհի ավելի քան 150 երկրներում այս մարտարվեստը պաշտոնապես համարվում է մարզաձեւ եւ ամեն տարի անցկացվում են տարածաշրջանային եւ աշխարհի առաջնություններ:


Ակրոբատիկա, արեւելյան մարտարվեստ, աֆրիկյան պարային շարժումներ, խաղեր եւ անպայման բրազիլական ազգային երաժշտություն՝ կենդանի նվագակցությամբամբ: Փողոցային այս կռիվները սկսում են դանդաղ պարեղանակով, հետո ռիթմերն արագանում են եւ պայքարը շարունակվում է մարտական փայտիկներով:







Capoeria սովորել կարող եք եւ ինքնուրույն

Տոլմայի համահայաստանյան փառատոն Սարդարապատում

Հուլիսի 15-ին 1-ին անգամ Սարդարապատում կայացավ տոլմայի համահայաստանյան փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչներ: Յուրքանչյուր սեղան ներկայացրեց իր տոլման, իսկ ժյուրին ընտրեց լավագույնին: Այցելուները հիացած էին տեսականու բազմազանությամբ և շքեղությամբ, ոմանք կարողացան նաև հայ հայտնի խոհարարներից ոչ ավանդական տոլմայի պատրաստման հատուկ բաղդրատոմսեր ձեռք բերել:



Monday, July 25, 2011

Թաղապետի բացօթյա կուպեն՝ հասարակական շահ

Դավիթաշենի հասարակական այգիներից մեկում է գտնվում այս բացօթյա կուպե-զվարճավայրը (նայեք վիդեոյում), որի ներսից լսելի են մի քանի տղամարդկանց «բազարային» խոսակցություններն ու մեկընդմեջ հնչող բարձրաձայն ծիծաղները: Ինչպես հայտնեցին տեղի բնակիչները՝ այգում գտնվող սրճարանի սեփականատերը թաղապետ Արթուր Գեւորգյանն է, իսկ «կուպեն» նրա հանգստավայրն է, որտեղ «բացի իրենից եւ իր շրջապատից ոչ ոք չի կարող մուտք գործել»,- հայտնում է Դավիթաշենի երիտասարդ բնակիչներից մեկը, ով չցանկացավ հայտնել իր անունը:

http://youtu.be/jVn4GDL0ZQc

Հողային օրենսգրքի 60 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում արգելվում է այգիների, պուրակների, պատմամշակութային հուշարձանների, սպորտային կառույցների տարածքների սեփականությունը։ Ուրեմն ով է իրավունք տվել սրճարանի սեփականատիրոջը կառուցել մեծ տարածք զբաղեցնող այս այգին:

Այգին կառուցապատելիս Դավիթաշենի թաղապետը կարողացել է արտաքնապես պատրանք ստեղծել, որ տվյալ այգին ծառայում է հանրային շահին՝ սրճարան-կուպեին տալով է մանկական սրճարանի տեսք: Սակայն պետք է զգուշանալ, որպեսզի մանուկները հանկարծ եւեթ չհայտնվեն այդ սրճարանի ներսում:


Հայաստանում անցկացվեց տոլմայի փառատոն, այդ մասին կիմանա ամողջ աշխարհը

Հուլիսի 14-ին Սարդարապատում առաջին անգամ տեղի ունեցավ "Ուդուլի" անունը կրող տոլմայի փառատոնը, որի ընթացքում Երեւանի եւ Հայաստանի այլ մարզերի խոհարարները հնարավորություն ունեցան աչքի ընկնել տոլմա պատրաստելու իրենց տաղանդով:


"Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակներում անցկացվող այս միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հասարակական կազմակերպությունը:



Տոլմայի նոր տեսակներ համտեսելու ակնկալիքով շատերն էին եկել Սարդարապատ:
Առավել գործնական նպատակ էր հետապնդում " Երկիր Մեդիա" հեռուստաընկերության լրագրող Գայանե Ավետիսյանի այցը: Նրա շնորհիվ տոլմայի փառատոնի մասին օգոստոսի 4-ին կիմանա ողջ աշխարհը:

Սա CNN հեռուստաընկերության "World View" հաղորդաշարի համար Գայանե Ավետիսյանի պատրաստած արդեն յոթերորդ տեսանյութն է: Մոտ մեկ տարվա ընթացքում լրագրողուհին տեսանյութեր է պատրաստել աշխարհի ամենաերկար ճոպանուղու, Մուսա լեռան ինքնապաշտպանության, Զորաց քարերի, Է.Ղազարյանի մանրաքանդակների, գինու ամենահին հնձանի, հայկական ազգային տիկնիկների մասին: